Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Գտնելով անհատականությունս Քրիստոսի մեջ

Ջոյս Մայերը

Գտնելով անհատականությունս Քրիստոսի մեջ

Դու Աստծո գլուխգործոցն ես (տե՛ս Եփես. 2.10)

Ըստ բառարանի՝ գլուխգործոցն արվեստի մեծագույն գործ է, հմտության կատարյալ օրինակ կամ գերազանցություն:

Հիմա, երբ Աստծո Խոսքը քեզ նկարագրում է որպես Աստծո գլուխգործոց, ի՞նչ ես մտածում այդ մասին: Դու ընդունո՞ւմ ես դա որպես Իր գնահատականը, թե՞ կարծում ես՝ «դե, Աստված երևի մեկ այլ մարդու մասին է խոսում, քանի որ եթե իսկապես ճանաչեր ինձ, այդպիսի կարծիք չէր ունենա իմ մասին»:

Քո անձնական ինքնությունը, այսինքն այն, թե ինչպիսին ես ինքդ քեզ տեսնում, հաճախ կերտվում է կյանքիդ վերապրումներով: Գուցե մանկությանդ տարիներին ծնողներդ քեզ հետ այնպես են վարվել, որ այժմ կասկածի տակ ես դնում քո ինքնարժեքը: Գուցե քեզ մերժել կամ շահագործել են: Եթե այդպես է, ապա կարող եմ հասկանալ քեզ, որովհետև վաղ տարիքից անցել եմ ամեն տեսակի մերժման ու շահագործման միջով: Ինձ ենթարկել են սեռական, խոսքային, զգացմունքային ու ֆիզիկական շահագործման՝ մանուկ հասակից մինչև 18 տարին լրանալը: Այնուհետև ես այդ վերքերով մուտք գործեցի իմ առաջին ամուսնական կյանք, որտեղ ամուսինս ինձ կրկին վատ էր վերաբերվում, իսկ վերջում լքեց ինձ:

Նույնիսկ այն ժամանակ, երբ ես հանդիպեցի ու ամուսնացա Դեյվ Մեյերի հետ, ով  հիանալի ու սիրող ամուսին է, ես չգիտեի ինչպես սեր տալ կամ ստանալ: Ես կառավարող էի, օգտագործող, բարկացկոտ, քննադատող, բացասական, անտանելի ու դատապարտող: Ես դարձել էի այն, ինչի ազդեցությամբ մեծացել էի: Իմ խնդիրներն իմ ներսում էին: Դրանք տարիների շահագործման, սխալ մտածելակերպի և վիրավորված զգացմունքների հետևանք էին:

Միայն Քրիստոսի մեջ

Այդ  տարիներին արդեն վերստին ծնված քրիստոնյա էի: Ես սիրում էի Հիսուսին: Հավատում էի, որ մեղքերս ներված են, ու մահից հետո դրախտ եմ գնալու: Բայց ես չունեի հաղթանակ, խաղաղություն և ուրախություն իմ կյանքում: Ամբողջ ժամանակ ես ինձ դատապարտված էի զգում: Ինքս ինձ չէի ատում միայն այն ժամանակ, երբ որևէ անձնական նպատակի վրա էի աշխատում՝ ինքս ինձ որոշակի գնահատական տալով: Ես հոգնատանջ էի, ձախողված ու խղճալի:
Ես ողբերգական սխալ էի գործել՝ փորձելով Աստծո արքայությունը՝ արդարություն, խաղաղություն և ուրախություն (տե՛ս Հռոմ. 14.17), փնտրել մարդկանց կամ այլ բաների մեջ: Ես չէի գիտակցում, որ Աստծո արքայությունը մեր ներսում է, ինչպես գրում է Պողոս առաքյալը Կողոսացիների 1.27-ում, որ իր ուրախությունը՝ իր ինքնությունը, միայն Քրիստոսի մեջ է:

Աստծո Խոսքում գրված է. «Այդ պատճառով էլ նա, ով Քրիստոսում է, նոր արարած է. հներն անցան, ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիների 5.17): Բայց ես դեռ չէի կառչել այդ «նոր արարած» կոչված իրականությունից: Ես ապրում էի սեփական մտքով, կամքով ու զգացմունքներով, որոնք վիրավոր էին: Հիսուսն ուներ իմ կատարյալ ազատագրման գինը, բայց ես գաղափար չունեի` ինչպես ստանալ Նրա շնորհաշատ պարգևը:

Լուսավոր լամպի պահը

Մի օր, երբ կարդում էի Աստվածաշունչը, նկատեցի Բ Կորնթացիների 5.7-ում գրվածը. «Մենք ապրում ենք հավատքով [ապրում ենք մեր կյանքը և կառավարում ենք ինքներս մեզ՝ հիմնվելով Աստծո և աստվածայինի հանդեպ ունեցած մեր հավատքի վրա, վստահությամբ ու սուրբ խանդավառությամբ, ահա այդպես ենք քայլում], ոչ թե երևույթով կամ տեսանելիով (Ընդլայնված Աստվածաշունչ): Սուրբ Հոգին ընդհատեց ինձ ու հարցրեց. «Ի՞նչ ես մտածում Աստծո հետ ունեցած քո հարաբերություների մասին, Ջո՛յս: Հավատու՞մ ես, որ Նա քեզ սիրում է»: Երբ սկսեցի անկեղծ քննել սիրտս և Աստվածաշունչն ուսումնասիրել այս թեմայի շուրջ, եզրակացրի, որ Նա իրոք սիրում է ինձ, բայց որոշակի պայմանականություններով:

Բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված մեզ առանց որևէ պայմանականության է սիրում: Նրա կատարյալ սերը հիմնված չէ մեր կատարելության կամ մեկ այլ բանի վրա, այլ միայն` Իր (տե՛ս Ա Հովհ. 4.8):  Նա միշտ սիրում է մեզ, բայց մենք հաճախ չենք ստանում Նրա սերը, որովհետև այն կապում ենք մեր սխալ վերաբերմունքի կամ մեղավորության հետ: Պետք է գիտություն ունենանք Աստծո սիրո մասին ու հավատք ներդնենք դրա մեջ: Բայց քանի որ ես չգիտեի Աստծո սիրո մասին, ուստի հավատք չէի դնում իմ հանդեպ տածած Նրա սիրո մեջ: Ինչպիսի՜ ճեղքում: Դա իմ զգացմունքների բժշկության սկիզբն էր: Դա գործընթաց էր, բայց այսօր ազնվորեն կարող եմ ասել, որ բժշկված ու բավարարված եմ: Իմ սրտում ես գիտեմ, որ Աստված սիրում է ինձ, և ես ի՛նքս էլ սիրում եմ ինձ:

Լցրե՛ք ձեր միտքն Աստծո Խոսքի ճշմարտությամբ: Այն լի է Նրա՝  պայմանականություններ չճանաչող սիրո մասին հիշեցումներով: Նա ասում է, որ դու ահավոր ու զարմանալի կերպով ես ստեղծվել (տե՛ս Սաղմ. 139.14): Նա ասում է, որ քեզ ոչինչ չի կարող բաժանել Նրա սիրուց (տե՛ս Հռոմ. 8.35): Թույլ մի՛ տուր, որ թշնամին գողանա քո ինքնությունը: Դու Աստծո գլուխգործոցն ես: Հավատա՛ դրան:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon