Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Ի՞նչ անել, եթե հոգնել ես դաժան պայքարից

Ջոյս Մայերը

Ի՞նչ անել, եթե հոգնել ես դաժան պայքարից

Արդյոք նկատե՞լ ես, թե օրվա ընթացքում որքան տարբեր բաներ են անցնում մտքովդ: Ոմանք լավն են, ոմանք՝ վատը: Դժբախտաբար մեր էությունն այնպիսին է, որ մենք հակված ենք կենտրոնանալու վատ բաների վրա, որովհետև վատ մտքեր ընդունելու համար ջանք չի պահանջվում:

Ջանքեր պահանջվում են այն ժամանակ, երբ մենք վճռում ենք վանել բացասական մտքերը և ընդունել դրականը:

Մտքերիդ համար մղվող պատերազմը

Հավատքով ու հույսով լի միտքը ծնում է դրական կյանք: Հակառակ երևույթն էլ կա. բացասական միտքը՝ լի վախով ու կասկածով, ծնում է բացասական կյանք, որը քայլ առ քայլ գնում է դեպի կործանում: Ոմանք այնքան շատ են վիրավորվել, որ կարծում են, թե չեն կարող ևս մեկ դժվարություն կրել: Այդ պատճառով հրաժարվում են հուսալ, որպեսզի այլևս չհիասթափվեն:

Մեր մտքում ամեն օր պատերազմ է ընթանում: Երբ մենք զգում ենք, որ այն դժվար է, ու մոտ ենք հանձնվելուն, պետք է հակառակվե՛նք բացասական մտքերին ու վճռականությամբ վե՛ր բարձրանանք մեր խնդիրներից: Չպե՛տք է կանգ առնել:

Երբ կասկածն ու վախը ռմբակոծում են մեր միտքը, պետք է ասենք. «Ես երբեք չե՛մ հանձնվելու: Աստված իմ կողմից է: Նա սիրում և օգնում է ինձ: Ես կանցնե՛մ սրա միջով»:

Չհանձնվե՛ս

Անկախ այն բանից, թե որքան կթեժանա ճակատամարտը քո մտքում՝ չհանձնվե՛ս: Կանգնի՛ր ու վերանվաճի՛ր այն տարածքները, որոնք թշնամին գողացել է քեզնից: Նույնիսկ, եթե դա ընդամենը մեկ մատնաչափ տարածք է, վստա՛հ եղիր, որ դու հենված ես Տիրոջ շնորհքի վրա, ոչ թե սեփական կարողությանդ:

Գաղատացիների թղթի 6.9-ում Պողոսը հորդորում է մեզ՝ շարունակել: Մի՛ եղիր ճանապարհի կեսից կանգնող: Մի՛ պահիր նախկին՝ հանձնվողի հոգին: Աստված այնպիսի մարդկանց է փնտրում, ովքեր կհամարձակվեն վեր բարձրանալ  բացասականից ու ձգտել դրականին:

Ինչի միջով էլ անցնելիս լինես հենց հիմա, ուզում եմ քաջալերել, որ մնաս դրական ու հրաժարվես հանձնվել: Աստված քեզ հետ է: Նա կօգնի հոգևոր առաջընթաց ունենալ՝ զորացնելով ու խրախուսելով, որպեսզի շարունակես կանգուն մնալ դժվար պահերին: Հեշտ է հանձնվել, բայց դեպի հաղթանակ գնալու համար հավատք է պահանջվում:

Վերածրագրավորի՛ր միտքդ

Երբ ճակատամարտն անվերջ է թվում, և դու մտածում ես, որ երբեք չես հասնի հաղթական ավարտին, հիշի՛ր` դու գտնվում ես մարդկային մտածելակերպը աստվածայինի վերափոխման գործընթացի մեջ: Ինչպես համակարգիչները, այնպես էլ մեր միտքն է ծրագրավորված:

Ծննդյան պահից ի վեր՝ մեր միտքը նման է համակարգչի, որ մի ամբողջ կյանքի աղբ ունի իր մեջ ծրագրավորված: Բայց Աստված՝ միակ լավագույն Ծրագրավորողը, ամեն օր աշխատանք է տանում մեզ հետ, որպեսզի այնպես վերածրագրավորի մեր միտքը, որ այն համատեղելի լինի Իր հետ (տե՛ս Հռոմ. 12.2):

Երբ առաջընթացը դանդաղ է

Միտքը վերածրագրավորելը կամ նորոգելը քայլ առ քայլ արվող գործընթաց է: Ուստի չպետք է հուսահատվել, երբ առաջընթացը դանդաղ է թվում: Մի՛ ընկճվիր, երբ դժվար իրավիճակում ես հայտնվում կամ պարզապես վատ օր ես ունենում: Փոխարենը` կրկի՛ն կանգնիր, քեզ թա՛փ տուր ու սկսի՛ր նորից:

Երբ երեխան քայլել է սովորում, շատ հաճախ է վայր ընկնում, մինչև որ զարգացնում է  քայլելու կարողությունը: Բայց երեխան համառ է: Նա ընկնելուց հետո որոշ ժամանակ կարող է լաց լինել, բայց հետո կրկին կանգնել ու փորձել:

Մեր մտածելակերպը փոխել սովորելը նույն կերպ է աշխատում: Կլինեն օրեր, երբ  ամեն բան չէ, որ ճիշտ կգործենք: Կլինեն օրեր, երբ մեր մտածելակերպը բացասական կլինի: Բայց երբեք մի՛ դադարիր փորձել: Աստված մեզ աստիճանաբար բերում է Իր մտածելակերպին: Պարզապես չհանձնվե՛ս:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon