Ինչպե՞ս հանգստանաս, քանի դեռ չես թուլացել

Ընկճախտից ազատ ապրելու իմ փնտրտուքների մեջ ես մի բան եմ սովորել. եթե իմ կյանքում առկա ընկճախտի փոխարեն խաղաղություն եմ ուզում, ապա պետք է առաջնորդություն խնդրեմ Աստծուց ամեն իրավիճակում: Մեր Աստված խաղաղության Աստված է: Նա միշտ կտանի մեզ դեպի խաղաղություն ու ուրախություն, ոչ թե ձախողում ու անհանգստություն: Դրա համար էլ պետք է լսենք Նրա ձայնին: Հետևելով Նրա ձայնին, կարող ենք խաղաղություն գտնել ու հաղթահարել սթրեսային իրավիճակը, որի դեմ այսօր շատերն են պայքարում:

Խաղաղություն գտնելու համար պետք է հետևենք այն հուշումներին, որոնք Աստված տալիս է ամեն օր: Այդ ժամանակ սրտիդ խորքում զգում ես այն, ինչ պետք է անես: Թագավորաց առաջին գրքի 19.11,12-ը վերաբերում է հենց այս մեղմ, փոքրիկ ձայնին: Հուշումը` ճակատին իջած մուրճի հարված չէ: Թագավորաց առաջին գրքում Աստված չօգտագործեց հուժկու քամին, երկրաշարժը կամ կրակը, որպեսզի հուշի Եղիային, այլ Իր ձայնը հասավ նրան՝ ինչպես մի մեղմ ու փոքրիկ հանդարտություն: Պարտադիր չէ, որ հուշումը լինի լսելի ձայնով: Աստված ավելի հաճախ քեզ ուղղություն է տալիս՝ խոսելով սրտիդ և ոչ թե ականջներիդ:

Քանի որ հուշումը շատ նուրբ է, ոմանք կարող են հարցնել, թե արդյո՞ք դա Աստծուց էր: Երբ վստահ չես հուշման դեպքում, հեշտ է անտեսել այն: Մի անգամ, երբ գնումներ էի կատարում երեք կամ չորս ժամ շարունակ, զգացի, թե ինչպես էր Աստված ասում. «Հիմա տո՛ւն պետք է գնաս»: Ես իմ առևտրի ցուցակի ութ ապրանքից կեսն էի գնել, ուստի անտեսեցի հուշումը ու շարունակեցի գնումներս:

Իմ ցուցակի մնացած պարագաները խիստ անհրաժեշտության չէին: Բայց շատ վճռորոշ ու նպատակասլաց մարդկանց պես՝ չէի ցանկանում դուրս գալ առևտրի տնից, քանի դեռ ցուցակս ամբողջությամբ չէի լրացրել: Եկել էի ութ ապրանքի ետևից ու պետք է գնայի այդ ութ ապրանքով: Ես չէի մտահոգվում, որ գուցե ինձ ստիպելով դուրս տանեին: Ես վճռորոշ դուրս չէի գալու այնտեղից` առանց ցուցակս լրացնելու: Էլ ուր մնաց, որ լսեի հակառակը պնդող որևէ ձայն:

Հիշում եմ, որ այնքան էի հոգնել ու սրտնեղել, որ նույնիսկ սթափ մտածելակերպս էի կորցրել: Միակ բանը, որ ցանկանում էի անել, գնումներս ավարտելն ու այդտեղից դուրս գալն էր: Նույնիսկ այլ գնորդների ու վաճառողների հետ քաղաքավարի վարվելն էր դժվարացել: Ես պարզապես ուժասպառ էի եղել:

Ետ նայելով՝ տեսնում եմ, թե քանի անգամ եմ այդպես հոգնատանջ ու հյուծված եղել, քանի որ անտեսել եմ Աստծո հուշումը: Ես կարող եմ ասել, որ երբ դժվարանում եմ ամենահասարակ էթիկայի կանոններին հետևել, ինչպիսիք են՝ քաղաքավարիությունը, բարությունը և ինքնակառավարումը, ուրեմն չափից ավելին եմ գնացել: Եթե պարզապես հնազանդված լինեի Աստծո փոքրիկ, հուշարար ձայնին, որն ասում էր՝ գնա՛ տուն, այդ սթրեսային իրավիճակի մեջ չէի հայտնվի: Բայց դրա փոխարեն իմ վճռականության ու նպատակի ետևից գնացի, արդյունքում` սթրեսի մեջ գցելով և՛ ինձ, և՛ շրջապատող մարդկանց:

Եթե սովորենք լսել, թե ինչ է ասում Աստված և անենք Նրա ասածը, կտեսնենք, որ ամեն բան լավ է ընթանում մեզ համար: Անկախ իրավիճակից՝ մենք կարիք ունենք լսելու Աստծուն ու հնազանդվելու Նրա ձայնին: Առակաց 3.6-ում գրված է. «Քո բոլոր ճանապարհների մեջ ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»: Գուցե չհասկանաս պատճառները, թե ինչու է Աստված ասում, որ այս կամ այն բանն անես, բայց երբ լսես Նրա ձայնն ու հնազանդվես Նրա առաջնորդությանը, դու խաղաղ հանգստություն կվերապրես, երբ քո ընկճվածության մակարդակը սկսի նվազել: Այսպիսով` լսի՛ր ու թոթափի՛ր սթրեսը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon