«Սա է այն որոշումը, որ որոշվել է ամբողջ երկրի համար… Որովհետև Զորաց Տերը որոշեց, և ո՞վ կարող է արգելել, և Նրա ձեռքը մեկնված է, և ո՞վ կարող է Նրան ետ դարձնել»: ԵՍԱՅԻ 14.26,27
Աստված նպատակի Աստված է. Նա շարժվում է ռազմավարությամբ և իրականացնում է Իր կատարյալ ծրագիրը: Աստված ցանկանում է, որ մենք՝ որպես Իր զավակներ, լինենք նպատակի մարդիկ: Որքան մոտ լինենք Նրան, այնքան նպատակային կլինի մեր կյանքը:
Հիսուսը գիտեր Իր նպատակը: Նա ասաց, որ եկավ աշխարհ, որ քանդի սատանայի գործերը, և որ մենք կյանք ունենանք (տե՛ս Հովհ. 10.10, Ա Հովհ. 3.8):
Ինչ վերաբերում է մեր առանձնահատուկ նպատակին, այն տարբեր է տարբեր մարդկանց և կյանքի տարբեր ժամանակաշրջանների համար, բայց Աստված ունի համընդհանուր նպատակ, որով կարող ենք ապրել յուրաքանչյուր օր:
Օրինակ, մենք սիրում ենք ուրիշներին ոչ թե այն պատճառով, որ միշտ ուզում ենք սիրել, այլ որովհետև նպատակ ենք դրել սիրել մարդկանց: Նույնը վերաբերում է զոհաբերելուն, ողորմություն ցուցաբերելուն, բարի լինելուն, ներելուն և այլն: Սերը, ուրախությունը, խաղաղությունը, համբերատարությունը, բարությունը, քաղցրությունը և Հոգու մյուս պտուղները մերն են՝ վայելելու և ուրիշներին ցուցաբերելու համար: Մենք նպատակ ենք դնում վարվելու այդպես ոչ թե այն պատճառով, որ մշտապես ցանկություն ունենք դա անելու, այլ որովհետև դա այն է, ինչ մենք կանչված ենք անելու: