«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և Նրա անունն Էմմանուել կկանչեն, որ թարգմանվում է՝ Աստված մեզ հետ» (ՄԱՏԹԵՈՍ 1.23):
Հիսուսը եկավ աշխարհ, որպեսզի մենք փրկագնվենք մեր մեղքերից, ճանաչենք Աստծուն և ճաշակենք այն բարիքները, որ Նա պատրաստել է մեր կյանքի համար: Նա ուզում է սերտ հաղորդակցություն ունենալ մեզ հետ և մասնակցել այն ամենում, ինչ տեղի է ունենում մեր կյանքում: Ահա թե ինչու է Աստծո անուններից մեկը՝ Էմմանուել, նշանակում «Աստված մեզ հետ»: Նա ուզում է լինել մեզ հետ, անձամբ ներգրավված լինել մեր կյանքում: Նա ուզում է, որ ճանաչենք Իր ձայնը և հետևենք Իրեն:
Աստծո կամքն է, որ հստակ լսենք Նրանից: Նա չի ուզում, որ ապրենք խառնաշփոթության ու վախի մեջ: Մենք պետք է վճռական, ապահով և ազատ լինենք: Նա ուզում է, որ յուրաքանչյուրս իրականացնենք մեր կոչումը և ամբողջությամբ հետևենք այն ծրագրին, որ Նա ունի մեզ համար:
Այո, մենք կարող ենք անձամբ լսել Աստծուց: Աստծո հետ մեր անձնական փոխհարաբերության խորությունը հիմնված է Նրա հետ մեր մտերիմ հաղորդակցության վրա: Նա խոսում է մեզ հետ, որպեսզի առաջնորդի, թարմացնի, վերականգնի և նորոգի մեզ:
Աստծուն լսելու առաջին քայլը ականջը նրա Խոսքին պահելն է: Ականջդ պահի՛ր Աստծո ձայնին և հանդարտվի՛ր: Նա կխոսի քեզ հետ և կասի, որ սիրում է քեզ: Աստված ուզում է բավարարել քո կարիքները և անել ավելին, քան երբևէ կարող ես մտածել կամ պատկերացնել (տե՛ս Եփեսացիների 3.20): Նա երբեք չի թողնի կամ չի լքի քեզ (տե՛ս Եբրայեցիների 13.5): Լսի՛ր և հետևի՛ր Նրան կյանքիդ բոլոր օրերում:
Դու պատկանում ես Աստծուն. դու Նրա հոտի մեջ ես, և Նրա ոչխարները ճանաչում են Հովվի ձայնը, բայց օտարի ետևից չեն գնում (տե՛ս Հովհաննես 10.4,5): Դու կարող ես լսել Աստծուց. դա քո ժառանգության մի մասն է՝ որպես քրիստոնյա: Այլ կերպ չի կարող լինել:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո նվերը քեզ համար նոր կյանքն է՝ լցված արդարությամբ, խաղաղությամբ, ուրախությամբ և Նրա հետ մտերմությամբ: