Աստված կգտնի քեզ

Աստված կգտնի քեզ

«Ահա Տիրոջ աչքը նրանց վրա է, ովքեր վախենում են Իրենից [ակնածում և երկյուղածությամբ երկրպագում են Իրեն], ովքեր սպասում են Իրեն և ապավինում Իր ողորմությանն ու գթությանը» (ՍԱՂՄՈՍ 33.18):

Կար մի ժամանակաշրջան, երբ ջանասիրաբար փորձում էի լսել Աստծուց, բայց նաև վախենում էի սխալվելուց: Այդ ժամանակ նոր էի սովորում լսել Աստծո ձայնը: Հոգով առաջնորդվելը նոր բան էր ինձ համար, և ես վախենում էի, որովհետև չունեի Աստծուց լսելու բավականաչափ փորձառություն, որպեսզի հստակ իմանայի՝ իսկապե՞ս լսում էի Աստծուց: Ես չէի հասկանում, որ Աստված ներում է մեր սխալները, եթե մեր սրտերը ճիշտ են:

Նա խոսում էր ինձ հետ ու մղում հավատքի քայլ անելու և ինչ-որ բան ձեռնարկելու, բայց ես շարունակում էի. «Տե՛ր, իսկ եթե ես բաց թողնեմ Քեզ: Իսկ եթե իրականում չլսեմ Քեզ և սխալ բան անեմ: Ես վախենում եմ, որ բաց թողնեմ Քեզ, Աստվա՛ծ»:

Նա խոսեց ինձ հետ. «Ջո՛յս, մի՛ անհանգստացիր: Եթե Ինձ բաց թողնես, Ես քեզ կգտնեմ»: Այս խոսքերը դարձրին ինձ համարձակ՝ անելու այն, ինչ Աստված կանչում էր ինձ անելու, և սիրտս լցրին անսահման խաղաղությամբ: Դրանք քաջալերեցին ինձ՝ անելու բազում հավատքի քայլեր: Ես այսօր կիսում եմ դրանք քեզ հետ, որպեսզի քեզ նույնպես քաջալերեմ անելու հավատքի քայլեր՝ ի պատասխան այն ամենի, ինչ հենց հիմա Աստված ասում է քեզ:

Եթե ամեն ինչից առավել փափագում ես Աստծո կամքը, և եթե արել ես հնարավոր ամեն բան Աստծուց լսելու համար, ուրեմն պետք է ռիսկի դիմես, քայլ անես և հավատաս: Նույնիսկ եթե սխալվես, Աստված կուղղի այդ սխալը և ամեն բան բարիին գործակից կանի քեզ համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ռիսկի՛ դիմիր և արա՛ այն, ինչը, հավատում ես, որ լսել ես Աստծուց, և մի՛ վախեցիր, որ բաց կթողնես Նրան:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon