«Եվ ասաց. «Ճշմարի՛տ ասում եմ ձեզ. եթե չապաշխարեք (չփոխվեք, դարձի չգաք) և չլինեք երեխաների նման (վստահող, խոնարհ, սիրող, ներող), երբեք չեք կարողանա մտնել Երկնքի արքայություն»» (ՄԱՏԹԵՈՍ 18.3):
Այսօրվա խոսքում երեխաները նկարագրվում են որպես վստահող, խոնարհ, սիրող և ներող: Պարզապես մտածի՛ր, թե որքան ավելի կվայելեինք մեր կյանքը և Աստծո ու մարդկանց հետ մեր փոխհարաբերությունները, եթե դրսևորեինք այս չորս առաքինությունները: Ակնհայտ է, որ Հիսուսն այս որակները չափազանց կարևոր է համարում, որովհետև Նա ասում է, որ առանց դրանց չենք կարող մտնել Երկնքի արքայություն: Մենք չենք կարող վայելել Աստծո արքայության օգուտները և միաժամանակ պահպանել վատ վերաբերմունք:
Երբ մտածում եմ Աստծո ձայնը լսելու վերաբերյալ, հասկանում եմ, որ երեխայի նման լինելը չափազանց կարևոր է, որովհետև երեխաները հավատում են այն ամենին, ինչ իրենց ասում են: Ոմանք ասում են, որ երեխաները դյուրահավատ են՝ նկատի ունենալով, որ նրանք հավատում են ամեն ինչի՝ անկախ նրանից, թե որքան անհեթեթ է դա թվում: Բայց չեմ կարծում, որ երեխաները դյուրահավատ են. ես կարծում եմ՝ նրանք վստահում են: Իհարկե, Աստված չի ուզում, որ մենք դյուրահավատ կամ միամիտ լինենք. Նա ուզում է, որ մենք վստահենք: Երբեմն մեզ դավաճանում են այն մարդիկ, ում սիրում և վստահում ենք, և դրանից հետո մենք հակված ենք անվստահություն տածելու բոլորի հանդեպ, սակայն չենք կարող ստիպել, որ բոլորը վճարեն այն բանի համար, ինչ մեկ ուրիշն է արել մեզ:
Կան մարդիկ, որոնց չի կարելի վստահել, բայց մեզ շրջապատում են նաև բազմաթիվ լավ մարդիկ, ու մենք պետք է հրաժարվենք կասկածամտության ոգով ապրելուց:
Աստված լիովին վստահելի է: Ցավոք, բոլոր մարդկային արարածներին հնարավոր չէ անվերապահորեն վստահել, բայց Աստծուն՝ կարելի է:
Աստված ուզում է, որ մոտենաս Իրեն երեխայի նման՝ լիովին վստահելով և հավատալով այն ամենին, ինչ ասում է քեզ, որովհետև Նա բացարձակապես վստահելի է:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թույլ մի՛ տուր, որ մեկ կամ երկու վատ փորձառությունները վերահսկեն քո ամբողջ կյանքը: