«Նրա միջոցով հավատքով ունենք մուտք (ընդունելություն) այս շնորհքի (Աստծո բարեհաճության վիճակի) մեջ, որում [հաստատ և վստահ] կանգնած ենք: Եվ եկե՛ք ցնծանք և ուրախանանք Աստծո փառքը վերապրելու և վայելելու հույսով» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 5.2):
Մեր հոգևոր կյանքում ամեն ինչ կախված է Աստծո հանդեպ մեր հավատքից և Նրա հետ մեր անձնական փոխհարաբերությունից, որն անկասկած ներառում է Նրա ձայնը լսելու կարողությունը: Մենք կարող ենք վայելել այդ փոխհարաբերությունը, որովհետև խաչի վրա Հիսուսի մահվան շնորհիվ մեզ տրվեց հնարավորություն ազատ, անարգել մոտենալու մեր երկնային Հորը, իսկ մեր հավատքն օգնում է մեզ մտերիմ, կենդանի փոխհարաբերություն ունենալ Նրա հետ:
Վերջերս ուսումնասիրում էի Եփեսացիների 3.12 խոսքը, որը շատ եմ սիրում: Այդ խոսքում ասվում է. «Որով, Նրա հանդեպ մեր հավատքի շնորհիվ, ունենք ազատ մուտք գործելու (ազատությամբ և առանց վախի Աստծուն մոտենալու) համարձակություն (քաջություն և վստահություն)» (Աստվածաշնչի «Ընդլայնված թարգմանություն»): Երբ խորհում էի այս Խոսքի շուրջ, սիրտս լցվեց խանդավառությամբ այն գիտակցումից, որ մենք, իբրև մարդկային արարածներ, կարող ենք աղոթքի միջոցով ցանկացած ժամանակ մոտենալ Աստծուն: Մենք կարող ենք լսել Նրա ձայնը ցանկացած ժամանակ, երբ կամենանք կամ կարիք ունենաք: Մենք կարող ենք համարձակությամբ մոտենալ Նրան առանց վերապահումների, առանց վախի և լիակատար ազատությամբ: Ի՜նչ փառահեղ է դա: Աստծո հանդեպ անձնական հավատքը դուռ է բացում Նրանից անսահման օգնություն ստանալու և Նրա հետ անարգել հաղորդակցություն ունենալու համար:
Ե՛կ Աստծո մոտ այն վստահությամբ, որ Նա սիրում է քեզ, փափագում է հաղորդակցվել քեզ հետ և ցանկանում է ոչ միայն լսել, այլև խոսել քեզ հետ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ակնկալի՛ր, որ կլսես Աստծուց և կառաջնորդվես Նրա Սուրբ Հոգով: