«Որ որբին և որբևայրուն իրավունք է անում և պանդուխտին սիրում է՝ նրան հաց ու հանդերձ տալով»: — Երկրորդ Օրինաց 10.18
Պարզապես սխալ է տեսնել կամ լսել ինչ-որ մեկի մասին, ով կարիքի մեջ է, և բացարձակապես ոչինչ չանել: Թույլ տվեք բացատրել…
Որոշ ժամանակ առաջ Տերը հայտնեց ինձ, թե որքան ուժեղ է Նա ցանկանում, որ ես աշխատեմ կեղեքվածների իրավունքի համար: Դա Նրա կոչումի մի մասն է Քրիստոսի մարմնի բոլոր անդամների համար:
Նա փնտրում է մարդկանց, որպեսզի օգնի հայրազուրկներին, այրիներին, ճնշվածներին, աղքատներին, միայնակներին ու մոռացվածներին, քանի որ Նա տվել է այդ օրենքը դեռևս հինկտակարանական ժամանակներում:
Մովսեսի միջոցով խոսելով՝ Նա ասաց. «Ոչ մի որբևայրի և որբ բնավ մի չարչարեք» (Ելից 22.22): Աստված աչառ չէ, Նա «որբին և որբևայրուն իրավունք է անում և պանդուխտին սիրում է՝ նրան հաց ու հանդերձ տալով» (Երկրորդ Օրինաց 10.18): Աստված մարդկանց ասաց, որ եթե նրանք կերակրեին օտարականներին, որբևայրիներին ու որբերին, Նա կօրհներ նրանց ձեռքի գործը (տե՛ս Երկրորդ Օրինաց 14.29):
Այսօր աշխարհում ամենամիայնակ ու մոռացված մարդկանցից են այն աղջիկները, ում ստիպել են դիմել մարմնավաճառության՝ իրենց գոյությունը պահպանելու համար, այն որբ տղաները, ում ծնողները մահացել են ՁԻԱՀ-ից, այն բանտարկյալները, ովքեր իրենց օրերն անցկացնում են բանտախցում, անտուն-թափառականները, ովքեր ապրում են փողոցում …բազում կարիքավոր մարդիկ:
Այս ամենը կարող է ճնշող թվալ, ու դու կարող ես մտածել. «Ի՞նչ կարող եմ ես անել այս առումով»: Աստված ինձ սովորեցրել է, որ այն ժամանակ, երբ ես չեմ կարող լուծել ամեն հարց, եթե թեթևացնեմ ընդամենը մեկ մարդու տառապանք, արդեն իսկ ինչ-որ բան կփոխեմ:
Խնդրում եմ, մի՛ կարծիր, թե այն, ինչ ունես, բավական չէ: Վիրավոր, կոտրված, քաղցած ու անտուն մարդիկ ամենուր են: Կօգնե՞ս նրանց այսօր:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, Դու հստակ հոգ ես տանում աղքատների ու միայնակների համար: Տո՛ւր ինձ Քո սիրտը՝ արդարության համար և ցո՛ւյց տուր այն վիրավոր ու կոտրված մարդկանց, որոնց Դու ցանկանում ես, որ ես օգնեմ: