«Եվ ես Հորը կաղաչեմ, և ուրիշ Մխիթարիչ (Խորհրդատու, Օգնական, Բարեխոս, Պաշտպան, Զորացնող և Հենարան) կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 14.16):
Շատերն ընդունել են Հիսուսին՝ որպես Տիրոջ և Փրկչի: Նրանք կգնան Երկինք, բայց երբեք լիարժեք չեն օգտագործի այն հնարավորությունները, որ Սուրբ Հոգին տալիս է նրանց, կամ չեն ճաշակի այն հաջողության պտուղները, որ Աստված նախատեսել է նրանց համար: Պարզ ասած՝ շատերը ճանապարհ կընկնեն դեպի Երկինք, բայց չեն վայելի իրենց ճանապարհորդությունը:
Մենք հաճախ նայում ենք այն մարդկանց, որոնք ունեն հարստություն, դիրք, իշխանություն, և նրանց «հաջողակ» ենք համարում: Բայց ովքեր «հաջողակ» են համարվում, զուրկ են խաղաղությունից, ուրախությունից, բավարարված լինելուց և այլ ճշմարիտ օրհնություններից: Այսպիսի մարդիկ երբեք չեն սովորել լիովին կախված լինել Սուրբ Հոգու զորությունից:
Ինքնաբավ մարդիկ հաճախ կարծում են, որ Աստծուց կախվածությունը թուլության նշան է: Բայց ճշմարտությունն այն է, որ ապավինելով Սուրբ Հոգու կարողությանը՝ նրանք կարող են իրականացնել ավելին, քան երբևէ իրականացրել են սեփական ուժերով:
Աստված ստեղծել է մեզ այնպես, որ ուժեղ կողմերով հանդերձ ունենանք նաև տկարություններ և զգանք Նրա օգնության կարիքը: Մենք գիտենք, որ Աստված ցանկանում է օգնել մեզ: Դրա ապացույցը Աստվածային Օգնականն է՝ Սուրբ Հոգին, Ում Նա ուղարկել է բնակվելու մեր մեջ:
Հաճախ մենք անհարկի ջանք ենք գործադրում, որովհետև չենք ընդունում այն օգնությունը, որ հասանելի է մեզ: Ես քաջալերում եմ քեզ ապավինել Նրա՛ն, այլ ոչ թե քո ուժերին: Ինչի առջև էլ կանգնած լինես, հարկ չկա, որ միայնակ անցնես դրա միջով:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. քո ամենավատ օրն Աստծո հետ ավելի լավ է, քան ամենալավ օրն առանց Նրա: Սուրբ Հոգին այստեղ է, որ խոսի քեզ հետ և Իր օգնությունն առաջարկի քեզ: