Ի՞նչ անել՝ Տիրոջը սպասելիս

Երբևէ ունեցե՞լ ես այնպիսի իրավիճակ, որի համար աղոթել ես ու սպասել ճեղքման: Քեզ հետաքրքրո՞ւմ է, թե ինչու մինչև հիմա պատասխան չես ստացել: Արդյո՞ք քեզ թվում է, թե հաղթանակն ամեն անգամ քո կողքով է անցնում:

Երբեմն, երբ երկար ու համառ աղոթում ենք մեր կյանքի որոշակի իրավիճակի համար առանց պատասխան ստանալու, մենք համակերպվում եմք ու ապրում այդ խնդրով: Մենք ապրում ենք օրը՝ մտածելով, թե երբ Աստված պատասխան կուղարկի կամ արդյո՞ք կուղարկի: Իրականում Աստված լսում է այդ աղոթքները և աշխատում է  պատասխանել, եթե նույնիսկ չենք տեսնում մանրամասները: Մեր իրավիճակը կարող է փոխվել հանկարծակի, միանգամից ու նույնիսկ` առանց նախազգուշացումների:

Մեկ բան հստակ է. մինչ Աստված հանկարծ կշարժվի` մեզ սպասել է պետք: Պատասխանին սպասելը կյանքի ընթացք է, որից ոչ ոք չի կարող խուսափել: Ուստի հարցը չի վերաբերում մեր սպասելուն, այլ նրան, թե որքան կսպասենք: Կարծում եմ  մեր սպասելու ձևն էլ հենց վճռում է, թե որքան ենք պատրաստ սպասելու:

Սպասելու երկու ճանապարհ

Մենք սպասում ենք կամ հենց այնպես, պասիվ կերպով, կամ էլ մեծ ակնկալիքով: Պասիվ սպասող մարդը հույս ունի, որ մի լավ բան տեղի կունենա, ու այդպես նստում ու սպասում է` կիրականանա՞, թե՞ ոչ: Քիչ ժամանակ անց նա կհիասթափվի ու կասի՝ այդքան սպասեցի, ու ոչինչ տեղի չունեցավ: Պասիվ մարդը շատ երազանքներ ունի, բայց դրանք ամուր չեն:

Ակնկալող մարդը, ընդհակառակը, հույսով լի է ու հավատում է, որ ահա պատասխանը մոտ է ու շուտով կգա: Նրա հավատքը պասիվ չէ: Նրա սիրտը լի է հույսով ու ակնկալիքով, որ իր խնդիրը կլուծվի: Ամեն առավոտ նա արթնանում է` ակնկալելով գտնել իր պատասխանը: Նա կարող է սպասելով` սպասել, ու հանկարծ այն, ինչին սպասում էր, տեղի է ունենա:

Ակնկալի՛ր, որ շուտով կկատարվի

Սա նման է հղի կնոջը: Դրա համար էլ ասում են, որ նա երեխայի է սպասում: Նա իր ներսում կրում է երեխային, և նույնիսկ այն ժամանակ, երբ չի տեսնում, նա գիտի, որ փոքրիկն այնտեղ է: Հենց այն պահից, երբ նա իմանում է, որ հղի է, սկսում է ծրագրել իր փոքրիկի լույս աշխարհ գալը: Նա սկսում է հավաքել անհրաժեշտ իրերը և կարգի բերել մանկասենյակը: Ակտիվորեն նախապատրաստվում է երեխայի ծնունդին, որովհետև գիտի, որ խոստումը կիրականանա: Պարզապես ժամանակի խնդիր է: Նա ակնկալիքով լի է ու կսպասի այնքան, ինչքան որ պահանջվում է:

Մենք գիտենք, որ սպասել բառը նշանակում է` ակնկալել: Բայց հիշի՛ր, որ այն նաև ունի ծառայել իմաստը այնպես, ինչպես սպասավորը ռեստորանում սպասարկում է ձեր սեղանը: Մեր սպասելու գործընթացը չի նշանակում, որ պետք է նստենք ու սպասենք, որ մի բան կկատարվի՝ առանց որևէ բան անելու:

Եղի՛ր հավատքով լի

Երբ խնդրում ենք Աստծուն պատասխանել մեզ կամ լուծել մեր խնդիրը, պետք է փափագով սպասենք Նրա պատասխանին: Մենք պետք է ակտիվորեն, եռանդով ու ակնկալիքով սպասենք ու ծառայենք: Երբ մեր սրտերը փափագում են լսել Աստծուց, Նա սիրում է անակնկալ կերպով գործել: Շատ դեպքերում սպասման գործընթացը  ծառայում է որպես ժամանակահատված` պատասխանի նախապատրաստաման համար: Եթե Աստված միանգամից պատասխաներ, ապա շատերս այսօր պատրաստ չէինք լինի ընդունել Նրա պատասխանը:

Երբեմն մենք հայտնվում ենք այնպիսի սարսափելի քաոսի մեջ, որ ևս մեկ վայրկյան սպասելը դժվար է  պատկերացնել: Բայց մենք պետք է սպասենք Տիրոջը և վստահենք Նրան քաղցր ու պարզ հավատքով: Հետո, Աստված այնպես անակնկալ կերպով կշարժվի, որ մենք էլ չենք հասկանա, թե ինչպես դա պատահեց:

Հետո հանկարծ…

Աստվածաշնչում տեսնում ենք, որ Պողոսը և Շիղան սպասել գիտեին: Գործք առաքելոց 16-րդ գլուխը պատմում է այն մասին, թե ինչպես է ամբոխը հարձակվում նրանց վրա, ծեծում ու բանտ նետում: 24-րդ խոսքում գրված է, որ բանտապետը նրանց բանտի ներքին խցիկում էր փակել, իսկ ոտքերին շղթաներ էր հագցրել: Նա պարզապես ցանկանում էր վստահ լինել, որ չէին փախչի: Բայց կեսգիշերին Տերը հայտնվեց: Լավ կլիներ, որ Նա մի փոքր շուտ գար, բայց Պողոսն ու Շիղան չէին ընդդիմանում, այլ որոշեցին պարզապես երգել ու երկրպագել Տիրոջը՝ այդ կերպով ցույց տալով, որ սպասում են Աստծուն:

25 և 26 խոսքերում գրված է. «Կեսգիշերին Պողոսը և Շիղան աղոթք անելով օրհնում էին Աստծուն,  հանկարծակի մեծ շարժ եղավ, մինչև որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին,  իսկույն բոլոր դռները բացվեցին, և բոլորի կապանքներն արձակվեցին»: Աստված պատասխանեց անսպասելիորեն:

Երբ սարսափազդու իրավիճակների մեջ մարդիկ համբերատար ու ակնկալիքով սպասում են Աստծուն, Նա հանկարծակի սկսում է գործել:

Ուստի, չհանձնվե՛ս: Չդադարե՛ս հավատալ: Մնա հույսով ու ակնկալիքով լի: Աստծո զորությունն անսահման է, և Նա քեզ համար ճեղքում կբերի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon