Ինչպե՞ս հաջողակ դարձնել ամուսնությունդ

Տարիներ շարունակ ցածր ինքնագնահատական ունեի և ինքս ինձ չէի սիրում: Ես ատում էի ինձ, ատում էի նույնիսկ ձայնս: Այդ ամբողջ ընթացքում, անցնելով նմանատիպ շահագործումների միջով՝ ես սեփականաշնորհեցի ամոթը: Չէի ամաչում այն ամենից, ինչ կատարվում էր ինձ հետ, այլ` ինքս ինձնից: Ես վիրավոր էի ու վիրավորում էի մյուսներին:

Եթե չսիրես ինքդ քեզ, ապա ոչ մեկին էլ չես սիրի, ոչ էլ կարող ես օգնել քո ամուսնուն կամ կնոջը` սիրել իրեն: Փոխարենը` կվատնես քո ամբողջ ժամանակը՝ փորձելով ապացուցել քո արժեքը: Բժշկությունը գալիս է, երբ ընդունում ես ինքդ քեզ,  հասկանալով, որ այն վայրը, որտեղ գտնվում ես, այն չէ, որտեղ պետք է ավարտես: Իմացի՛ր, որ Աստված շարունակում է կատարելագործել քեզ: Բոլորս կարիք ունենք ընդունելու Աստծո սերը, որը պայմանականություններ չունի, և պետք է գիտակցենք, որ Աստված մեզ չի սիրում մեր արարքների համար, այլ` թե ով ենք մենք:

Մի առավոտ, երբ դեռ գիշերազգեստով նստած աղոթում էի, Տերն ասաց. «Ջո՛յս, Ես չեմ կարող որևէ բան անել քո կյանքում, մինչև դու չանես այն, ինչ ասել եմ քեզ ամուսնուդ վերաբերյալ»:

Տերն ինձ հետ աշխատանք էր տանում, որովհետև հնազանդվելու հետ կապված խնդիրներ ունեի: Ես ուժեղ կամք ունեի և բռնված էի մանկուց եկած չարաշահումների հետևանքով զարգացած ինքնապաշտպանական վարքագծի մեջ: Ես բաց էի թողնում այն օրհնությունները, որոնք Տերը փափագում էր, որ վայելեի:

Աղոթքից հետո գնացի ցնցուղ ընդունելու մեր նոր լոգարանում, որը Դեյվը տեղադրել էր մեր ննջարանում: Քանի որ նա չէր հասցրել ամրացնել սրբիչի կախիչը, ես այն դրեցի զուգարանակոնքի վրա և մտա ցնցուղի տակ:

Դեյվը տեսավ, թե ինչ եմ անում և հարցրեց` ինչու սրբիչս այդտեղ դրեցի: Հենց այդ պահին զգում էի, թե ինչպես են բարձրանում զգացմունքներս, և ծաղրական տոնով հարցրեցի, թե դրա մեջ ինչ սխալ բան կա:

Դեյվը` որպես ճարտարապետ՝ մաթեմատիկական տրամաբանությամբ պատասխանեց. «Քանի որ դեռևս հատակի ծածկոց չունենք, ուստի լավ կլիներ, որ սրբիչդ կախեիր բաղնիքի դռան բռնակից, որպեսզի սենյակի հատակը չթրջվեր` մինչ սրբիչդ կվերցնեիր»:

«Օ՜յ, ի՞նչ կլիներ, եթե մի երկու կաթիլ ջուր թափվեր հատակին»,- նեղացած հարցրեցի ես:

Զգալով իմ տրամադրությունը՝ Դեյվը հանձնվեց. թոթվեց ուսերն ու գնաց:

Ես արեցի այնպես, ինչպես Դեյվն էր առաջարկում, բայց բարկացած` հատակին նետելով սրբիչը: Ես արեցի ճիշտը, բայց սխալ վարքագծով:

Երբ սրբիչս հատակին նետելուց հետո մտա ցնցուղի տակ, լցված էի զայրույթով: Բարձրաձայն լաց լինելով՝ ինքս ինձ ասացի. «Նույնիսկ լոգանք ընդունելուց խաղաղություն չունեմ: Ինչո՞ւ չեմ կարողանում մի բան անել՝ առանց որևէ մեկին ասելու»: Ու այդպես շարունակեցի թվարկել ձախողումներս:

Չնայած ես քրիստոնյա էի և որոշակի ժամանակ էր արդեն, ինչ ուսուցանում էի ուրիշներին, ես ինքս չէի կարողանում կառավարել իմ միտքը, կամքն ու զգացմունքները: Ինձնից երեք լիարժեք օր պահանջվեց, որպեսզի «սրբիչի պատմությունն» անցնի:

Երեք օր շարունակ Կորնթացիների առաջին թղթի 1.13-ում նկարագրվող ձայն հանող պղնձի ու հնչեցնող ծնծղայի պես էի:

Սերը հասունության ամենաբարձր դրսևորումն է: Այն հաճախ զոհաբերություն է պահանջում: Եթե սերը մեր կողմից որոշակի զոհ չի պահանջում, հավանաբար չենք սիրում մեր կողքի մարդուն: Եթե մեր քայլերի մեջ չկա զոհաբերություն, հավանաբար ձևացնում ենք, թե լավ ենք տրամադրված այդ մարդու հանդեպ, որպեսզի նրա վրա վերահսկողություն ձեռք բերենք: Սերը գրեթե միշտ չի արժևորվում այն մարդու կողմից, ով ստանում է այն:

Մեր որոշումները պետք է ներառեն մեր կողակցի հետաքրքրությունները: Նույնիսկ միջակ ամուսնությունները զոհ են պահանջում: Կարևոր է հասկանալ, որ իրական սերը տվող է:

Զոհ` նշանակում է, որ ամեն անգամ չէ, որ կունենաս այն, ինչ ուզում ես: Սա նշանակում է, որ և՛ ամուսինը, և՛ կինը կանչված են սիրելու միմյանց՝ անկախ ամեն ինչից: Որպեսզի զույգը հաղթական ամուսնական կյանք ունենա, եսասեր ցանկությունները պետք է դրվեն զոհասեղանին: Ինչ վերաբերում է ինձ, ամեն օր արթնանում եմ և ընտրում` լավ ամուսնություն ունենալ: Ես թույլ չեմ տալիս, որ իրավիճակները կատարեն այդ ընտրությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon