Հաղթի՛ր ճակատամարտը մտքի զորությամբ

Ես հավատացած եմ, որ ամենակարևոր բաներից մեկը, որ կարող եմ սովորեցնել քեզ՝ մտքիդ կարևորությունն է: Այն կվճռի քո ապագան: Լսե՞լ ես այն ասացվածքը, որ ամեն բան քո մտքում է կատարվում: Սա այն տեղն է, որտեղից սկսվում է մեր հաջողությունն ու հաղթանակը: Քո մտքում կարող ես գցել քեզ խառնաշփոթի մեջ, կամ էլ՝ հաղթանակի:

Միտքը կռվի դաշտն է

Միտքը վերահսկելն ամենադժվար բանն է: Այդ բարդության մասն է կազմում նաև այն, որ սատանան իր ստերով ու խաբեությամբ հարձակումներ է գործում մտքիդ վրա: Դու պետք է պաշտպանես քեզ այդ ամենից: Եթե չպաշտպանես, քո կյանքն օր օրի ավելի խղճուկ կդառնա:

Դրական մտածելակերպը հենց այնպես չի առաջանում: Դա մի բան է, որ պետք է նպատակադրված անես: Պետք է հավատաս, որ Աստծո Խոսքը քեզ համար է: Հետո  հավատաս այն ամենին, ինչ ասում ես:

Խոսի՛ր ինքդ քեզ հետ

Դու խենթ չես դառնա, եթե սկսես խոսել ինքդ քեզ հետ: Իրականում քո մտքերը միշտ զրուցում են քեզ հետ: Եվ այն ձևը, որով ինքդ քեզ հետ խոսում ես, կյանքիդ կարևորագույն բաներից մեկն է: Դու երբեք չես անցնի քո մտածածից այն կողմ: Հատկապես կարևոր է, թե ինչ ես մտածում ինքդ քո մասին:

Նպատակադրվա՛ծ մտածիր

Ես հավատացած եմ, որ շատերը կարծում են, թե իրենք ընտրություն չունեն իրենց մտքերի հարցում: Բայց դու կարող ես նպատակադրված մտածել՝ դրական կամ բացասական: Եթե բացասական միտք ես ունենում, կարող ես վանել այն ու նորոգվել  Աստծո Խոսքով (տե՛ս Բ Կորնթ. 10.5):

Լինում են օրեր, երբ մտածում եմ, որ ամբողջ օրը պատերազմի մեջ էի դրական լինելու համար, որի ընթացքում պետք է մտքերի մի ամբողջ հերթականություն անցնեի՝ հիմնվելով Աստծո Խոսքի վրա: Սա նշանակում է, որ դու մտքիդ մի բան ես դնում և պահում ես դա՝ նույնիսկ ժամանակից առաջ անցնելով (տե՛ս Կողոս. 3.2):

Միտքդ նախապես ճիշտ ուղու վրա պահելն այնքան կարևոր է, որ եթե նույնիսկ ինչ-որ բան այնպես չընթանա, միևնույն է, այն քեզ չի մտահոգի:

Գործի՛ անցիր

Որպեսզի մտքերիդ դեմ պատերազմ հայտարարես, ցանկանում եմ մի քանի ռազմավարական ուղղություն տալ քեզ, որպեսզի միտքդ ճիշտ ուղղու վրա դնես: Ամեն շաբաթ ընտրի՛ր մի զորավոր միտք ու խորհի՛ր դրա շուրջ այնքան, մինչև այն դառնա քո մի մասնիկը:

Օրինակ՝ Քրիստոսի միջոցով ես կարո՛ղ եմ անել այն, ինչ պետք է անեմ:

Օրվա ընթացքում ինչ էլ կատարվի՝ դու կարո՛ղ ես անցնել դրա միջով Քրիստոսի օգնությամբ: Եվ քանի որ Քրիստոսի մեջ ես, դու ո՛չ միայն հաղթող ես, այլ՝ ավելին ես, քան հաղթող:

Ի՞նչ է նշանակում ավելին՝ քան հաղթող:

Մտածում եմ, որ դա այն է, երբ մինչև խնդրի մեջ հայտնվելը գիտես, որ այնտեղից հաղթանակով ես դուրս գալու, որովհետև ամեն բան կարող ես՝ քեզ զորացնող Քրիստոսով (տե՛ս Փիլիպ. 4.13):

Մի՛ կենտրոնացիր այն բաների վրա, որոնք առանց Աստծո չես կարողանում լուծել:   Հասնել այդ ամենին մեկ օրում՝ անհնար է: Բայց Նրա հետ դու կարող ես անել դա ամեն օր:

Եվս մեկ զորավոր միտք. «Աստված սիրում է ինձ՝ անկախ ամեն ինչից»:

Երբ իսկապես գիտես, որ Աստված սիրում է քեզ, ամեն բան կարող ես հաղթահարել: Ինքդ քեզ արժեքավոր ես զգում, դառնում ես խիզախ, չես վախենում սխալվելուց կամ ձախողվելուց: Դու գիտես, որ կյանքում նպատակ ունես:

Իմանալը, որ անկախ ամեն ինչից՝ Աստված սիրում է քեզ, հեռու կվանի վախը, և  սատանայի համար դժվար կլինի մեղավորության զգացումով ու ինքնադատապարտությամբ բեռնել քեզ ամեն օր:

Եթե նույնիսկ աշխարհը փորձի ցույց տալ, որ քեզ հետ ինչ-որ բան այն չէ, հիշի՛ր, որ Քրիստոսին ընունելիս առաջինը, որ Աստված շնորհեց քեզ՝ արդարությունն է: Նրա շնորհիվ դու արդար ես, և կարևոր չէ, թե ուրիշ որևէ մեկի հետ ինչպիսին ես եղել:

Հավատա՛, որ Քրիստոսի մեջ դու արդարացած ես, և ասա. «Տե՛ր, ես գիտեմ, որ սիրում ես ինձ: Գիտեմ, որ հոգ կտանես այս ամենի համար: Ամեն բան բարուն գործակից կլինի»:

Զորավոր միտք. «Ինձ վիրավորելը դժվար է»:

Ես չեմ հիշում մի ժամանակահատված, որ մարդիկ այսքան դառնացած, նեղացկոտ ու բարկացկոտ լինեն: Ինքս էլ տարիներ շարունակ անցկացրել եմ բարկության մեջ, բայց հիմա վստահում եմ Աստծուն երեխայի պես, որ Նա՛ է իմ կյանքի Տերը: Դա այն ամենն է, ինչ Աստված կամենում է, որ անենք: Նա ցանկանում է, որ շարունակենք վստահել Իրեն՝ նույնիսկ, երբ չենք հասկանում:

Աստծուն վստահելու մասին է խոսում նաև այն, երբ ներում ենք մեզ վիրավորողներին: Աստվածաշունչն ասում է, որ ներենք մյուսներին, որ Տերն էլ կարողանա մեզ ներել: Ի վերջո, դա հենց քո՛ օգտի համար է:

Որոշո՛ւմ կայացրու, որ չպետք է լինես դառնացած, բարկացկոտ կամ դժգոհ: Քո զգացածով քեզ օգնել չես կարող, բայց եթե նորոգես միտքդ, զգացմունքներդ կհարմարվեն մտքիդ:

Ստացի՛ր Նրա պարգևը

Ցանկանո՞ւմ ես ունենալ Աստծո խոստումները: Ես ցանկանում եմ: Ուզում եմ տեսնել, թե ինչպես են դրանք գործում իմ ու երեխաներիս կյանքում: Մենք չենք կարող ստանալ այն՝ պասիվ մնալով: Մենք պետք է ամեն օր նորոգենք մեր միտքը Խոսքով, որպեսզի այն դառնա մեր մասնիկը:

Ի վերջո, մեր միտքն ու խոսքը լի կլինեն Աստծո ճշմարտությամբ, և մենք կվերապրենք այն օրհնությունները, որ Նա ունի մեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon