«… Սա ինձ համար սուրբ օծման յուղ պիտի լինի … Մարդու մարմնի վրա չպիտի թափվի…» (ԵԼԻՑ 30.31,32):
Ես ոչինչ չունեմ առաջարկելու մարդկանց՝ բացի Աստծո օծությունից (ներկայությունից և զորությունից), որ իմ կյանքի վրա է: Ես տպավորիչ չեմ. Ես չեմ երգում կամ չեմ անում բաներ, որոնք կարող են ցնցող տպավորություն թողնել մարդկանց վրա: Ես պարզապես խոսում եմ Աստծո Խոսքի ճշմարտությունը: Ես տալիս եմ աստվածաշնչյան հայտնություններ հաղթանակի մեջ ապրելու և գործնականում Աստծուն հնազանդվելու մասին: Ես մարդկանց ասում եմ, թե ինչպես կարող են փոխվել, որպեսզի լիարժեքորեն վայելեն կյանքը: Ես նրանց ցույց եմ տալիս, թե ինչպես կարող են աճել հոգևորապես: Ես սովորեցնում եմ Աստծո Խոսքն այնպես, որ օգնեմ իրենց առօրյայում: Աստծո շնորհքով այս ծառայությունը հասնում է աշխարհի միլիոնավոր մարդկանց, բայց ես պետք է ունենամ Աստծո օծությունը, որպեսզի անեմ այն, ինչ Նա կանչել է ինձ անելու, այլապես արժեք չունեմ որևէ մեկի համար: Ես հասկացել եմ, որ Աստծո օծությունը չեմ ունենա, եթե չքայլեմ սիրո մեջ, որովհետև Աստված չի օծում մարմինը (մեր ցանկությունները, եսասիրական վերաբերմունքն ու վարքագիծը):
Այսօրվա խոսքում կարդում ենք, որ երբ օծման յուղը թափվում էր Հին կտակարանի քահանաների վրա, այն չէր կարող թափվել նրանց մարմնի վրա: Աստված չի օծում մարմնավոր վարքագիծը: Մենք իսկապես պետք է վարվենք սիրով, որովհետև դա օգնում է օծությանը և ավելացնում այն մեր կյանքում, իսկ օծությունն ուժ է տալիս անելու այն, ինչ Աստված կանչել է մեզ իրականացնելու: Աստծո օծությունը Նրա ներկայությունն ու զորությունն է, և այն հնարավորություն է տալիս հեշտությամբ անել այն, ինչ երբևէ չէինք կարողանա իրագործել մեր ուժերով: Բոլորս Աստծո օծության կարիքն ունենք: Հարկավոր չէ, այսպես կոչված, «հոգևոր» աշխատանք անել, որպեսզի Աստծո օծության կարիքն ունենանք: Օծությունն անհրաժեշտ է մեզ լավ ծնողներ և լավ ընկերներ լինելու համար, ամուր ամուսնություններ ունենալու համար, նաև՝ մեր արած յուրաքանչյուր գործի մեջ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո ներկայությունը և զորությունը (օծությունը) այն ամենն են, ինչ անհրաժեշտ է քեզ ցանկացած բանում հաջողակ լինելու համար: