«…Նա քեզ պիտի ողորմի աղաղակիդ ձայնով. հենց որ Նա լսեց, քեզ պատասխան է տալու» (ԵՍԱՅԻ 30.19):
Մեր ընկերությունն Աստծո հետ օգտակար է ոչ միայն մեզ, այլև մեզ շրջապատողներին: Երբ մարդիկ գալիս են մեզ մոտ իրենց կարիքներով կամ մտահոգություններով, երբեմն կարողանում ենք որոշ օգնություն ցուցաբերել, երբեմն էլ բոլորովին անկարող ենք լինում բավարարելու նրանց կարիքները: Նույնիսկ եթե չունենք այն, ինչի կարիքը մարդիկ իսկապես զգում են, ապա Աստված միշտ ունի: Երբ մենք դառնում ենք Աստծո ընկերը, կարող ենք մարդկանց ասել. «Ես չունեմ այն, ինչ քեզ հարկավոր է, բայց գիտեմ Մեկին, Ով ունի: Ես կխնդրեմ իմ ընկերոջից: Ես կբարեխոսեմ քեզ համար Աստծո առջև»:
Մենք գիտենք, որ Աստված ի զորու է միջամտելու մարդկանց հանգամանքներին, օգնելու նրանց երեխաներին ազատվելու թմրամոլությունից, բերելու ֆինանսական ճեղքումներ, անելու բժշկության հրաշքներ կամ վերականգնելու ամուսնությունները: Որքան խորն ենք ճանաչում Աստծուն, այնքան ավելի վստահ ենք դառնում մարդկանց օգնելու Նրա պատրաստակամության և կարողության մեջ: Երբ մարդիկ դիմում են մեզ, մենք կարող ենք գնալ Աստծո մոտ՝ իմանալով, որ Նա Իր օգնության բազուկը կմեկնի նրանց: Մենք կարող ենք իրականում խնդրել Աստծուց, որ մեզ շնորհ անի և օգնի այն մարդուն, ում սիրում ենք, նույնիսկ եթե նա արժանի չէ դրան: Մենք կարող ենք աղոթել կարեկցանքով, որը բխում է սիրով լի սրտից, և Աստված կլսի ու կպատասխանի:
Աստված սիրում է քեզ և սիրում է լսել քո ձայնը, երբ մոտենում ես Նրան աղոթքի և հաղորդակցության համար: Հաճախակի գնա՛ Նրա մոտ ոչ միայն քո, այլև ուրիշների կարիքների համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հիշի՛ր, Աստված սիրում է լսել քո ձայնը: