«Մի՛ շտապիր հոգովդ բարկանալու, որովհետև բարկությունը հիմարների ծոցում է հանգչում»: ԺՈՂՈՎՈՂ 7.9
Կյանքում կան բաներ, որոնք կարող եք որոշ չափով վերահսկել. օրինակ, ում հետ եք ժամանակ անցկացնում, ինչ եք ուտում և երբ եք քնում: Բայց կան բաներ, որոնք չեք կարող վերահսկել, օրինակ, ուրիշների խոսակցությունները ձեր մասին, կամ մեքենայի անվադողը, որ վնասվում է հանձնարարություններ կատարելիս: Այն, թե ինչպես եք արձագանքում ձեր վերահսկողությունից դուրս գտնվող բաներին, անկախ նրանից, թե որքան մեծ կամ փոքր են դրանք, հաճախ որոշում է ձեր լարվածության մակարդակը և կյանքի ու առողջության որակը:
Ես ունեմ երկու առաջարկ, թե ինչպես վարվեք այն ամենի հետ, ինչը չեք կարող վերահսկել: Առաջին, պատասխանատվություն մի՛ վերցրեք դրա համար: Եվ երկրորդ, ես սիրում եմ ասել. «Արե՛ք լավագույնը, աղոթե՛ք և թո՛ւյլ տվեք, որ Աստված անի մնացածը»:
Մարդիկ, որոնք մշտապես վրդովվում են իրենց վերահսկողությունից դուրս գտնվող բաներից, տանջվում են: Ովքեր բաց են թողնում դրանք, շատ ավելի լավ վիճակում են: Որոշակի բաներ բաց թողնելը չի նշանակում, որ դուք անհոգ եք դրանց համար. դա նշանակում է, որ դուք ընդունել եք այն փաստը, որ ոչինչ չեք կարող անել տվյալ պահին: Անվադողն արդեն վնասվել է: Խելամիտ է այն նորոգելը կամ փոխելը, զայրանալը և ոտքով անվադողին հարվածելն իմաստ չունի: Եթե պատշաճ կերպով վարվենք այն ամենի հետ, ինչը լարվածություն է պատճառում, չենք ընկնի հուսախաբության գիրկը՝ բախվելով կյանքի անխուսափելի հարվածներին: