
«Արդ նմանող եղե՛ք Աստծուն (ընդօրինակե՛ք և հետևե՛ք Նրա օրինակին)՝ ինչպես սիրելի որդիներ (որոնք նմանակում են իրենց Հորը)»:— Եփեսացիների 5.1, AMP
Քրիստոնյա լինելը ամեն շաբաթ եկեղեցի ուղևորություն կատարելը չէ: Մենք պետք է ձևավորենք Աստծո բնավորությունը, որպեսզի ուրիշները կարողանան տեսնել Հիսուսին՝ առօրյա կյանքում գործելիս:
Եփեսացիների 5.1-ն ասում է, որ մենք պետք է Աստծուն նմանակողներ լինենք: Դժբախտաբար, այդ ասելն ավելի հեշտ է, քան անելը:
Բազում անգամներ մենք անում ենք բաներ, որոնք ամենևին էլ չեն արտացոլում Աստծուն: Հեշտ է հիասթափվել, հանձնվել ու դատապարտել ուրիշներին, երբ պարտություն ենք կրում:
Բարեբախտաբար, Աստված չի անհանգստանում, որ մենք դեռևս չենք հասել: Նա գիտի, որ մենք մարդիկ ենք: Նա գիտի, որ մենք մի գիշերում իսկույն կատարյալ կերպով չենք արտացոլելու Իրեն, սակայն Նա կամենում է, որ մենք շարունակենք աճել:
Մենք նախատեսված չենք լճացած կյանքով ապրելու համար՝ երբեք առաջ չգնալով մեր հավատքի մեջ: Ո՞ւր է մեր արկածախնդրությունը: Մենք պետք է կարողանանք ետ նայել մեր կյանքին ու տեսնել փոփոխություններ:
Ես եղել եմ փարիսեցի: Կարծում եմ, որ կարող էի լինել փարիսեցիների գլխավորը: Ես շատ լավ կրոնավոր էի, սակայն իրականում ոչինչ չէի անում Աստծուն իսկապես «նմանվելու» համար: Եղավ մի պահ, երբ Աստված առաջնորդեց ինձ, որպեսզի ինքս ինձ հարցնեի. «Ի՞նչ եմ անում Աստծուն ավելի նմանվելու համար: Արդյո՞ք օգնում եմ որևէ մեկին: Արդյո՞ք ինչ-որ ջանք եմ թափում, որպեսզի Աստված իմ կյանքն ավելի լավը դարձնի»:
Երբ սկսում ենք հարցեր տալ, դա լավագույն վիճակն է, որի մեջ հայտնվում ենք: Դա այն վայրն է, որտեղ մենք շարունակ պայքարում ենք Քրիստոսին ավելի նմանվելու համար:
Երբ պայքարում ես, մի՛ ընկիր կատարելության և ինքնադատապարտության թակարդը: Մենք բոլորս սխալներ ենք անում, բայց կարևորն այն է, որ ամեն օր հոժարությամբ քայլեր ձեռնարկենք Աստծուն ավելի նմանվելու ուղղությամբ:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես շնորհակալ եմ, որ, տեսնելով իմ սխալները, դեռևս սիրում ես ինձ և օգնում ապրելու աստվածապաշտ կյանքով: Երբ ես հրաժարվում եմ անհաջողությունների պատճառով հիասթափվելուց, հրաժարվում եմ նաև նույնը մնալուց: Ես ընտրում եմ հետևել Քեզ ու ամեն օր ավելի ու ավելի նմանվել Քեզ: