
«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ…» (ՀԱԿՈԲՈՍ 4.8):
Ոչ բոլորն են պատրաստ գին վճարելու՝ Աստծո հետ մտերիմ լինելու համար: Ոչ բոլորն են պատրաստ հատկացնելու անհրաժեշտ ժամանակ կամ կատարելու անհրաժեշտ ներդրում՝ հոգևոր աճ ունենալու համար: Աստված չի խնդրում մեր ամբողջ ժամանակը: Անշուշտ, Նա ցանկանում է, որ մենք անենք բաներ, որոնք «հոգևոր» չենք համարում: Նա ստեղծել է մեզ մարմնով, շնչով (մտքով, կամքով և զգացմունքներով), հոգով և ակնկալում է, որ լիարժեքորեն հոգ տանենք մեր անձի համար:
Մարմնի և շնչի համար հոգ տանելը ժամանակ և ջանքեր է պահանջում: Մեր հույզերը խնամքի կարիք ունեն. մենք պետք է զվարճանանք, հանգստանանք և հաճույք ստանանք այլ մարդկանց հետ հաղորդակցվելուց: Մեր միտքը պետք է օրեցօր զարգանա և նորոգվի: Բացի այդ, մենք ունենք հոգևոր էություն, որն ուշադրության կարիք ունի: Հավասարակշռված և առողջ մնալու համար պետք է ամբողջությամբ հոգ տանենք մեր անձի համար:
Ես կարծում եմ, որ Աստծո հետ մտերմության աստիճանը որոշվում է Նրա հետ անցկացրած ժամանակով: Մենք ասում ենք, որ ժամանակ չունենք փնտրելու Աստծուն, բայց ճշմարտությունն այն է, որ մենք ժամանակ ենք հատկացնում այն բաներին, որոնք ամենից կարևորն են մեզ համար: Եթե Աստծուն ճանաչելը և Նրա ձայնը լսելը իսկապես կարևոր են մեզ համար, ապա մենք ժամանակ կգտնենք դրանք անելու համար՝ չնայած նրան, որ ամեն օր ստիպված ենք պայքարել այն բաների դեմ, որոնք շեղում են մեզ: Մի՛ փորձիր Աստծուն մտցնել քո ժամանակացույցի մեջ, փոխարենը քո ժամանակացո՛ւյցը հարմարեցրու այն ժամանակին, որն անցկացնում ես Նրա հետ:
Աստծուն ճանաչելը երկարաժամկետ ներդրում է, ուստի մի՛ հիասթափվիր, եթե չես տեսնում անհապաղ արդյունքներ: Վճռի՛ր պատվել Նրան քո ժամանակով, և դու կքաղես դրա պտուղները:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր վարժությունների կանոնավոր կատարումը անկասկած արդյունք է տալիս։