«Եվ եղավ, որ մի տեղ աղոթք էր անում, և երբ որ դադարեց, Իր աշակերտներից մեկն ասաց Նրան. «Տե՛ր, սովորեցրո՛ւ մեզ աղոթք անել…»» (ՂՈՒԿԱՍ 11.1):
Ամենակարևոր աղոթքներից մեկը, որ կարող է փոխել մարդու կյանքը, սա է. «Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ աղոթել»: Այստեղ շեշտը ոչ թե «աղոթել»-ու, այլ «ինձ»-ի վրա է. «Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ աղոթել»: Պարզապես աղոթքի մասին իմանալը բավական չէ: Մենք պետք է իմանանք ինչպե՛ս աղոթել՝ խոսել Աստծո հետ և լսել Նրան որպես անհատներ, որոնք մտերիմ, անձնական, կենդանի փոխհարաբերության մեջ են այն Աստծո հետ, Ում աղոթում են: Թեև կան աղոթքի սկզբունքներ, որոնք վերաբերում են բոլորին, սակայն մենք անհատներ ենք, և Աստված յուրաքանչյուրիս առաջնորդում է յուրովի աղոթելու և հաղորդակցվելու Իր հետ:
Կար ժամանակ, երբ մասնակցում էի «աղոթքի սեմինարների» և հետո փորձում էի աղոթքի մեջ կրկնօրինակել այն, ինչ լսում էի ուրիշներից: Ի վերջո, ես հասկացա, որ Աստված անհատական աղոթքի ծրագիր ուներ ինձ համար. Դա այն ձևն էր, որով առավել արդյունավետ կհաղորդակցվեի Նրա հետ: Ինձ անհրաժեշտ էր պարզել դա: Ուստի ես ասացի. «Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ աղոթել»: Աստված հզոր կերպով պատասխանեց ինձ և հրաշալի փոփոխություններ բերեց աղոթքիս կյանքում:
Եթե ցանկանում ես աղոթքի միջոցով առավել խորը, մտերիմ, ուժեղ փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ, քաջալերում եմ քեզ ասել այս խոսքերը. «Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ աղոթել»: Նա կպատասխանի քեզ, և շուտով քո աղոթքի կյանքն ավելի արդյունավետ կդառնա, և առավել մեծ ազատություն կվերապրես աղոթքի մեջ: Աստված կառաջնորդի քեզ յուրահատուկ, արտասովոր ծրագրի մեջ, որը հիանալիորեն գործում է հենց քեզ համար:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. Թո՛ղ Աստված սովորեցնի քեզ աղոթել: