«…երբ նրանք իրենց անձերը չափում են իրենցով և իրենց համեմատում մեկը մյուսի հետ, չեն հասկանում և իմաստուն կերպով չեն վարվում»: —Բ Կորնթացիների 10.12, AMP
Համարձակություն է պահանջվում ամբոխի փոխարեն Աստծուն հետևելու համար: Ծայրահեղ մտահոգվելն այն բանով, թե ինչ կմտածեն ուրիշները, միմիայն տանջանք է բերում: Թեև բոլորս հաճույք ենք զգում, երբ մարդիկ մեր մասին լավ կարծիք են ունենում, իրականում անհնար է ամեն ժամանակ հաճելի լինել բոլորին:
Աստծո տնտեսության մեջ սովորաբար ստիպված ենք պատրաստ լինել կորցնելու ինչ-որ բաներ, որպեսզի ձեռք բերենք այն, ինչ իրականում ցանկանում ենք մեր կյանքում, ու դա նշանակում է, որ մենք պետք է դադարենք ինքներս մեզ համեմատել այլ մարդկանց չափանիշների հետ և սկսենք ապրել Աստծո համար:
Քո իսկական ընկերները կօգնեն քեզ լինելու այն, ինչ Աստված ուզում է, որ լինես: Նրանք քեզ չեն դատի Աստծո կանչին հետևելու համար: Իսկական ընկերները կքաջալերեն քեզ Աստծուն դնելու քո կյանքում առաջին տեղում:
Անգամ եթե մնացած բոլորը հեռանան քեզանից, Նա խոստանում է, որ քեզ երբեք չի թողնի կամ չի լքի:
Կյանքը չափազանց բարդանում, խճճվում և վհատեցնող է դառնում, երբ փորձում ենք հաճո լինել և՛ Աստծուն, և՛ մարդկանց: Հարկ չկա, որ ինքդ քեզ համեմատես մեկ ուրիշի հետ ու անհանգստանաս, թե մարդիկ ինչ կմտածեն քո մասին: Ապրի՛ր կյանքդ Աստծո համար և եղի՛ր ազատ լինելու այն մարդը, ում Աստված ստեղծել է, որ լինես:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, հենց հիմա ես որոշում եմ կայացնում ապրել միմիայն Քեզ համար: Այլ մարդկանց չափանիշներով ու սպասումներով ապրելը ինձ ոչ մի տեղ չի տանի: Կարևորը Դու ես, ու ես ուզում եմ լինել այն մարդը, ում Դու ստեղծել ես, որ լինեմ: