«…որովհետև այն, ինչ չի ծագում հավատքից ու չի շարունակվում հավատքով, մեղք է (ինչ արվում է առանց Աստծո կողմից հավանության, մեղք է )»: —Հռոմեացիների 14.23, AMP
Չափազանց հաճախ մարդիկ տրվում են անհանգստությանը՝ առանց գիտակցելու, թե որքան կործանարար է այն: Երբ նայես դրա արմատին, կտեսնես, որ անհանգստությունը մեղք է: Անհանգստությունը, հիրավի, չի գալիս հավատքից, ու Հռոմեացիների 14.23-ը հաստատում է, որ այն, ինչ չի ծագում հավատքից ու չի շարունակվում հավատքով, մեղք է:
Մեծ մասամբ, անհանգստությունը հիմնված է մասնավորապես մեկ մեղքի վրա, որն է՝ եսասիրությունը: Սովորաբար երբ մենք անհանգստանում ենք, մտահոգվում ենք այն մասին, որ մեր եսասիրական ցանկությունները չեն բավարարվի: Որքան շատ եսասիրական ցանկություններ ունենաս, այնքան շատ կանհանգստանաս, ու այնքան ավելի խճճված կդառնա քո կյանքը:
Աստված պարզապես ցանկանում է, որ մենք կենտրոնանանք Իրեն ծառայելու վրա: Աստծո կամքն է, որ մենք ապրենք ազատ ամեն անհանգստությունից ու ճնշող հոգսից: Նա կամենում է, որ մենք ազատ լինենք, որպեսզի ծառայենք Իրեն՝ առանց շեղվելու տարբեր ուղղություններով (տե՛ս Ա Կորնթացիների 7.34): Մենք չպետք է թույլ տանք, որ այս աշխարհի հոգսերը շեղեն մեզ այն նպատակից, որ Նա ունի մեր կյանքի համար:
Աղոթի՛ր Աստծուն, որպեսզի Նա օգնի քեզ ճանաչելու եսասիրական ցանկությունները և ազատվելու դրանցից: Սա քո կյանքը պարզ կդարձնի ու կօգնի հաղթահարելու անհանգստությունը: Այն ժամանակ դու կկարողանաս ամբողջ սրտով հետևել այն մեծ ծրագրին, որ Աստված ունի քո կյանքի համար:
Աղոթքի սկիզբ
Հա՛յր Աստված, շնորհակալություն, որ ինձ ցույց ես տալիս, որ անհանգստությունը մեղք է: Օգնի՛ր ինձ ազատվելու իմ եսասիրական ցանկություններից, որպեսզի կարողանամ հետամուտ լինել այն ճակատագրին, որ Դու ունես ինձ համար: