
«Քեզ որովայնում չստեղծած՝ Ես քեզ գիտեի (և) հաստատել էի (որպես Իմ ընտրված գործիք) և դեռ չնծված Ես քեզ առանձնացրի ու սրբեցի…»: —Երեմիա 1.5, AMP
Երբևէ զգացե՞լ ես՝ կարծես Աստված հիասթափված է քեզանից: Ես ունենում էի այդպիսի զգացողություն մինչև այն օրը, երբ Նա ասաց. «Գիտես, Ջո՛յս, դու Ինձ համար անակնկալ չես: Ես գիտեի, թե ինչ եմ ստեղծում, երբ ստացա քեզ»:
Մտածի՛ր այդ մասին: Աստված գիտի վերջը սկզբից, և մեր կյանքի բոլոր օրերը գրված են Նրա գրքում: Ցանկացած որոշում, որ մենք երբևէ կկայացնենք՝ լավ, թե վատ, Աստված արդեն գիտեր՝ նախքան Երկիր մոլորակի վրա մեր հայտնվելը: Նա այսօր գիտի մեր բերանի յուրաքանչյուր խոսքը, որ դեռ չի արտաբերվել, գիտի նույնիսկ այն, ինչ ասելու ենք մեկ տարի անց:
Երբեմն մեզ թվում է, թե Աստված ամեն ժամանակ հիասթափված է մեզանից: Ճիշտ է, մենք սխալներ անում ենք ու չպետք է թեթև սրտով ընդունենք դրանք. մենք պետք է լրջորեն վերաբերվենք դրանց: Բայց չնայած մեր սխալներին՝ Աստված ունի հույս մեզ համար և գիտի, որ կարող է փոխել մեզ, եթե մտերիմ լինենք Իր հետ:
Աստված հիասթափված չէ: Նա լիահույս է այնտեղ, որտեղ մենք մտահոգված ենք: Նա հավատում է մեզ ավելի, քան ինքներս մեզ ենք հավատում:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, Քո հույսը ինձ համար այնքան քաջալերող և ոգեշնչող է: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես չեմ հավատում ինքս ինձ, ես գիտեմ, որ Դու հավատում ես, ու դա ինձ ուժ է տալիս հաղթահարելու իմ սխալները և հետևելու Քեզ: