«Ով որ խցկի աղքատի աղաղակի դեմ իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխան չի գտնի» (ԱՌԱԿԱՑ 21.13):
Համաձայն այսօրվա խոսքի՝ երբ ուշադրություն չդարձնեմ կարիքավոր մարդկանց և ոչինչ չանեմ նրանց օգնելու համար, այն ժամանակ Աստված, հնարավոր է, տրամադրված չլինի պատասխանելու իմ օգնության աղաղակին, երբ ինքս կարիքի մեջ լինեմ:
Մարդկանց նկատմամբ բարի լինելը չի սահմանափակվում ընկերներով և ընտանիքի անդամներով, այն տարածվում է ամբողջ հանրության վրա: Հիշում եմ, մի անգամ վիճակագրական տվյալներ էի կարդում, որտեղ ասվում էր, որ Սենթ Լուիսում անտուն մարդկանց միջին տարիքը յոթ տարեկանն է: Ի՛մ քաղաքում: Քսան տարի առաջ այդ տեղեկությանը հավանաբար կարձագանքեի այսպես. «Ի՜նչ ցավալի է»: Բայց հիմա, երբ տեղեկանում եմ նման իրավիճակների մասին, ասում եմ. «Ես պետք է ինչ-որ բան անեմ»: Մարդիկ գուցե ասում են. «Քեզ համար հեշտ է դա ասել, Ջո՛յս, դու ունես մեծ ծառայություն և շատ մարդկանց դիմելու հնարավորություն»: Գուցե դու չունես այն միջոցներից մի քանիսը, որ մեր ծառայությունն ունի, բայց դու ունես աղոթելու նույն կարողությունը, որ ես ունեմ: Դու կարող ես զոհաբերություն կատարել այն ծառայություններին, որոնք փորձում են օգնել կարիքավոր մարդկանց: Դու կարող ես որոշ ժամանակով կամավոր աշխատել: Բոլորս կարող ենք ինչ-որ բան անել, եթե իսկապես ցանկանանք:
Ես կարծում եմ, որ մեր աղոթքների մեծ մասը չի պատասխանվում, և մենք երբեմն ի վիճակի չենք լինում լսել Աստծո ձայնը, քանի որ ողորմություն և սրտացավություն չենք ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր դժվար իրավիճակներում են: Ճշմարտությունն այն է, որ մենք կարող ենք հսկայական հունձք ունենալ՝ պարզապես սիրալիր լինելով: Աստծո համար շատ կարևոր է, որ մարդկանց հետ լավ վարվենք: Եթե քեզ երբևէ մոռացել են կամ սխալ են վարվել քեզ հետ, ուրեմն դու գիտես, թե որքան ցավոտ է դա: Եթե ուզում ես արդյունավետ աղոթքներ անել, եթե ուզում ես, որ Աստծո ականջները բաց լինեն քո ձայնի համար, ապա պետք է լա՛վ վարվես մարդկանց հետ և բարի՛ լինես նրանց հանդեպ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ամենահրաշալի բանը, որ կարող ես անել, օգնելն է մեկին, ով պակաս երջանիկ է, քան դու: