«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ վեհերիր, որովհետև Ես քո Աստվածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև քեզ հաստատել եմ Իմ արդարության աջով»: ԵՍԱՅԻ 41.10
Աստծո օգնությամբ դուք կարող եք վախից կծկվելու փոխարեն հաղթահարել վախը, եթե փոխեք ձեր մտածելակերպը: Աստվածաշունչը խոսում է մտքի նորոգության մասին (տե՛ս Հռոմ. 12.2): Պարզ ասած՝ մենք կարող ենք սովորել մտածել այլ կերպ: Անցյալի փորձառությունները կամ մարդիկ գուցե սովորեցրել են ձեզ վախենալ, բայց Աստծո Խոսքը սովորեցնում է հաղթահարել այդ վախը: Դուք կարող եք սովորել լինել համարձակ, քաջ և վստահ:
Թույլ մի՛ տվեք, որ ինչ-որ բանի վախը առօրյայում խանգարի ձեր հաջողությանը և ուրախությանը: Վախն ունի լայն ստվեր, բայց այն ինքնին շատ փոքր է: Վախն անհարկի տանջանք է բերում ձեր կյանքում: Երբ վախենում եք, չպետք է հանձնվել կամ հետ շրջվել: Աստված ձեզ հետ է, և քանի որ Նա ձեզ հետ է, նույնիսկ վախի զգացումով դուք կարող եք անել այն, ինչ պետք է անեք:
Փոխանակ մտածելու, որ չեք կարող ինչ-որ բան անել, երբ վախենում եք, վճռե՛ք, որ հետամուտ կլինեք ձեր նպատակին և կհաղթահարեք ձեր առջև դրված մարտահրավերը: Հնարավոր է՝ ունենաք վախի մտքեր, բայց Սուրբ Հոգին, որ ձեր մեջ է, կարող է փոխել ձեր մտածելակերպը վախի վերաբերյալ: Վախը նման է հրեշի, բայց այն արագ ընկրկում է, երբ բախվում է Աստծո Խոսքի ճշմարտությանը: Վախը նման է դպրոցական կռվարարի. այն բոլորին այս ու այն կողմ է հրում, մինչև որ ինչ-որ մեկը վերջապես մարտահրավեր է նետում նրան: