«Մեկը, որ Մովսեսի օրենքն անարգում էր, առանց ողորմության երկու կամ երեք վկայի խոսքով մեռնում էր։ Էլ որքա՞ն ավելի, կարծում եք, սաստիկ պատժի կարժանանա նա, որ Աստծո Որդուն ոտքի տակ կոխեց… և շնորհքի Հոգուն նախատեց» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 10.28,29):
Սուրբ Հոգին շնորհքի Հոգի է: Շնորհքը Սուրբ Հոգու զորությունն է, որն օգնում է հեշտությամբ անել այն, ինչ չենք կարող անել ջանասիրաբար աշխատելով: Բայց, առաջին հերթին, դա այն զորությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս ճիշտ դիրք ունենալու Աստծո մոտ, որպեսզի Նա կարողանա ապրել մեր մեջ, և մենք դառնանք Նրա բնակարանը: Երբ Սուրբ Հոգին մեր մեջ է, մենք կարող ենք լցվել շնորհքի Հոգու զորությամբ և անել այն, ինչ չենք կարող անել սեփական ուժերով:
Օրինակ, տարիներ շարունակ ես փորձում էի ինքս ինձ փոխել, որովհետև բազմաթիվ թերություններ էի տեսնում իմ բնավորության մեջ: Մեծ մասամբ հուսախաբվում էի, որովհետև իմ ջանքերը և տքնաջան աշխատանքը որևէ արդյունք չէին տալիս: Եթե գիտակցում էի, որ տհաճ բաներ եմ ասում, որոնք չպիտի ասեի, վճռականորեն կանգ էի առնում: Բայց ինչ էլ անում էի, միևնույն է, չէի փոխվում, և երբեմն, կարծես ավելի վատն էի դառնում:
Ի վերջո, աղաղակեցի Աստծուն՝ խոստովանելով, որ այլևս չեմ կարող նույնիսկ փոխվելու փորձ անել: Այդ պահին լսեցի, թե ինչպես Նա խոսեց իմ սրտում. «Շա՛տ լավ, այժմ Ես կարող եմ ինչ-որ բան անել քո կյանքում»:
Երբ Աստված փոփոխություններ է կատարում մեր կյանքում, ամբողջ փառքը Նա է ստանում. այդ է պատճառը, որ Նա թույլ չի տա, որ ինքներս մեզ փոխենք: Երբ փորձում ենք փոխվել՝ առանց Աստծուն ապավինելու, Նրան «ծրագրից դուրս» ենք թողնում: Ինքներս մեզ փոխելու փորձեր անելու փոխարեն, պարզապես խնդրենք, որ Նա՛ փոխի մեզ, այնուհետև թույլ տանք, որ Նրա շնորհքի Հոգին աշխատանք կատարի մեր ներսում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբեք մի՛ փորձիր անել որևէ բան՝ առանց Աստծուն խնդրելու, որ օգնի քեզ: